Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները նախատեսում են հաջորդ շաբաթ Պեկինում հանդիպել իրենց չինացի գործընկերոջ հետ՝ առեւտրային եւ պատմական հարցերի պատճառով լարվածության ֆոնին, փոխանցում է Reuters-ը:

Երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 20-22-ին:

Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ԱԳ նախարարներն առանձին  հանդիպում կանցկացնեն առաջին անգամ այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կապերի հաստատման համար երկխոսության կոչ էր արել: Հարեւանների հարաբերությունները, հնարավոր է, ամենացածր մակարդակում են 1965 թվականին հարաբերությունների նորմալացման պահից՝ կապված Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարավկորեացիների հարկադիր աշխատանքի պատճառով տարաձայնությունների հետ, որը վերափոխվել է թեժ առեւտրային վեճի:

1910-45 թվականների ճապոնական տիրապետությունից Կորեայի անկախությունը նշող ելույթում Մունը մեղմել էր Ճապոնիայի նկատմամբ վերջին կոշտ հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ Սեուլը «ուրախությամբ ձեռք կմեկնի», եթե Տոկիոն ընտրի երկխոսությունն ու համագործակցությունը:

2008 թվականից սկսած երեք երկրները պայմանավորվել են ամեն տարի գագաթնաժողով անցկացնել տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով: Բայց երկկողմ լարվածությունը, այդ թվում՝ Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ, հաճախ խոչընդոտ է դառնում:

Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ անցյալ տարի Սեուլի Գերագույն դատարանը որոշել էր, որ ճապոնական ընկերությունները պետք է փոխհատուցում վճարեն պատերազմական տարիների մի քանի հարկադիր աշխատողների: Տոկիոն ասում է, որ այդ հարցը կարգավորվել է 1965 թվականի հարաբերությունների նորմալացման պայմանագրով: