Գրենլանդիան չի վաճառվում: Reuters-ին այս մասին ասել է Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Էնն Լոնե Բագերը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականների հետ քննարկել է աշխարհի ամենամեծ կղզին գնելու գաղափարը:

«Մենք բաց ենք բիզնեսի, բայց ոչ վաճառքի համար»,- ասել է Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարը:

Սեպտեմբերին Թրամփը պետք է այցելի Կոպենհագեն, եւ Արկտիկան կլինի Դանիայի եւ Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի վարչապետների հետ հանդիպումների օրակարգում:

Գրենլանդիան գնելու մասին տեղեկությունն առաջին անգամ հրապարակվել էր Wall Street Journal-ում: Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ Սպիտակ տանը որոշ խորհրդականներ ծիծաղել են այդ կատակի վրա, բայց մյուսները դա ավելի լուրջ են ընդունել: