Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա կալանք է դրվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հանրaպետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:

«Քրեական գործերի հետաքննության շրջանակում, որոնցում ընդգրկված է Աթամբաեւը, կալանք է դրվել գույքի, արժեթղթերի, բաժնետոմսերի, ղրղզական բանկերում բոլոր հաշվեհամարների վրա», - ասել են մամուլի ծառայությունում:

Վերահսկիչ մարմնի տվյալներով՝ կալանքը դրվել է նաեւ  նախկին նախագաի կնոջ՝ Ռաիսայի Աթամբաեւայի ամբողջ գույքի եւ հաշիվների վրա, նրանց հետ կապված ընկերությունների՝ «Կիրգիզավտոմաշ», «Ապրիլ» հեռուստաալիքի, «Մեդիաֆորում» ԲԲԸ եւ մի շարք այլ ընկերությունների  գույքի վրա:

Գլխավոր դատախազությունում պնդում են, որ կալանքը դրվել է դատավճռի կատարման ապահովման նպատակով  նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցման, այլ գույքային բռնագանձումների կամ գույքի հնարավոր առգրավման մասով, որոնց վերաբերյալ քննությունը  բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ դրանք  ձեռք են բերվել  կասկածյալ Աթամբաեւի եւ նրա մոտ հարազատների հանցավոր գործողությունների արդյունքում»:

Ղրղզստանի նախկին ղեկավարին են հանձնվել մի շարք ծանր եւ առանձնապես ծանր հանցագոծությունների կատարման մեջ կասկածվելու ծանուցումներ: Նա որպես մեղադրյալ է անցնում ընդհանուր 12 քրեական գործով, որոնց թվում են սպանության, զանգվածային անկարգությունների կազմակերպման, կոռուպցիայի եւ այլ մեղադրանքներ:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել: Աթամբաեւի կողմնակիցները գերեվարել էին 6 հատուկջոկատայինի: Հաջոդ օրը կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումները վերականգնվել էին եւ շարունակվել մինչեւ առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ: Զոհվել է մեկ հատուկջոկատային: