ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 16-ին, ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանը ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության նոր հարթակների ստեղծման կարեւորությունը։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է, եւ ուշադրությունն այդ ոլորտին նպատակն ունի լուծել աշխատաշուկայում առկա խնդիրները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունն արդյունավետ կլինի այս ոլորտում` հաշվի առնելով Ճապոնիայի դրական փորձը։

Կողմերը նախանշել են նաեւ տեխնոլոգիաների ոլորոտում փոխգործակցության ուղիները՝ ընդգծելով, որ կրթությունն ու տեխնոլոգիաները մեր օրերում համընթաց պետք է լինեն։

Դեսպան Ջուն Յամադայը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաեւ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության, արվեստի եւ ստեղծարար արդյունաբերության ոլորտներում։ Քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի օրերի եւ Ճապոնիայում Հայաստանի օրերի անցկացման հնարավորությունը։

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է 2020թ. Տոկիոյում նախատեսված Ամառային օլիմպիական խաղերի մասին` հույս հայտնելով, որ հայկական պատվիրակությունը Տոկիոյում աննախադեպ հաջողություններ կարձանագրի: