Գերմանիայի կառավարությունը համարում է, որ Չինաստանը պատասխանատու սուբյեկտ է, որը պետք է հարգանքով վերաբերվի Հոնկոնգի օրենքներին, որոնք երաշխավորում են խոսքի ազատությունն ու օրենքի գերակայությունը, հաղորդում է AP-ը:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆի Զայբերթը հայտարարել է, որ Հոնկոնգի հիմնական օրենքը, որն ընդունվել է 1997 թվականին, «չինական օրենք է, այդ իսկ պատճառով, բնականաբար, ակնկալում ենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նույնպես կասկածի չի ենթարկի այդ իրավունքների խաղաղ իրացումը»:

Նրա խոսքով՝ չնայած Գերմանիան մտահոգությամբ է հետեւում Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձություններին, «Մենք գիտենք, որ Չինաստանը պատասխանատու խաղացող է համաշխարհային ասպարեզում, որի հետ մենք լավ համագործակցում ենք մի շարք ոլորտներում»: Նա կրկնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոչը՝ ուղղված երկխոսության հիման վրա այդ հարցի խաղաղ հանգուցալուծմանը: