Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն անթույլատրելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ջերմուկում հանրահավաքի մասնակից, բժիշկ ֆիզիոթերապեւտ Հասմիկ Սարգսյանը:

Բժիշկը հիշեցրեց, որ հանքավայրի  շահագործումը ոչ միայն բացասաբար կանդրադառնա, այլեւ կոչնչացնի Հայաստանի հպարտությունը՝  Ջերմուկ հանգստավայրը, որը հայտնի է ավելի քան հարյուր տարի: Հասմիկ Սարգսյանը շեշտեց, որ հանքավայրի շահագործումը  հղի է նաեւ Սեւանի աղտոտմամբ, Սևանի թունելի փլուզմամբ `աղտոտված ջրում պարունակվող տարրերի քայքայման հետեւանքով:

Հանքավայրի շահագործումը բնակիչներին շրջակա միջավայրի վատթարացում եւ հիվանդություններ կբերի: Մյուս հնարավոր աղետալի վիճակը՝ ցիանիդ պարունակող տարաների վնասումն է, որոնք օգտագործվում են ոսկու հանքավայրի հարստացման ժամանակ:

Ջերմուկի բնակիչները հանրահավաքին միաձայն «Ոչ» են ասում Ամուլսարի շահագործման ծրագրին: Ընթերցվեց նաեւ հանքավայրի արգելափակման ակցիայի մասնակիցների հայտարարությունը, որն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  ծրագիրը դադարեցնելու պահանջով: