Ես կարծում եմ` մեր երկրի ամենակարեւոր խնդիրներից մեկը ռացիոնալություն է: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը սկսած  պետական կառավարման համակարգից, վերջացրած մնացած բոլոր ոլորտներում:

«Մեր խնդիրն է, որ ներդրված եւ ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք, սկսած պետական կառավարման համակարգից, շարունակած կրթությունով, տեխնոլոգիաներով, գյուղատնտեսությամբ, արդյունաբերությամբ, ամեն ինչով, որովհետեւ հենց այս ռացիոնալություն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին եւ միակ գրավականը:

Կարծում եմ` այս քննարկումները շատ կարեւոր են այս գաղափարը ուշադրության կենտրոնում պահելու եւ այս գաղափարով առաջնորդվելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հաջողություն մաղթեց ֆորումի մասնակիցներին եւ ասաց, որ մեծ ուշադրությամբ կլսեն  ներդրողներին` որպեսզի պարզեն, թե ինչպիսի աջակցություն կարող են տրամադրել: