«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այսօր՝ օգոստոսի 17-ին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում վերանորոգել են վնասված նստարանները: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Քննարկեցինք ու հասկացանք, որ մինչեւ գրությունը տանք, մինչեւ տեղ հասնի, մինչեւ բազմապիսի պատճառաբանություններ բերեն, ավելի լավ է ինքներս դա անենք»,-նշեց Խաժակյանը՝ հավելելով, որ իրենց հետ է նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Չեմ խոստանում, որ բոլոր խնդիրներն այս տրամաբանությամբ կլուծենք: Օրինակ, մեկ-մեկ մտածում եմ՝ կարո՞ղ է աղբահանության խնդիրը «Քար փուլ» ակցիայի նման լինի, ասենք եթե ազատ է բեռնախցիկդ, մի քիչ աղբ տար հետդ: Բնականաբար, ոչ բոլոր խնդիրներն այդպես կլուծվեն: Բայց ինչ հնարավոր է անել, հնարավոր բոլոր միջոցներով պետք է անել՝ ժամանակ, էներգիա չխնայելով:

Մեզ երբեմն ասում են՝ թեւ ու թիկունք եղեք քաղաքապետին: Մենք հենց այդպես էլ անում ենք, պարզապես մեր պատկերացումների մեջ, մեր բովանդակության մեջ՝ որտեղ պետք է՝ առաջարկություններուվ, որտեղ պետք է՝ քննադատություններով»,-ընդգծեց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ որտեղ կարողանան կաջակցեն քաղաքապետին ու մասնակցություն կունենան խնդիրների լուծմանը: