Այս տարի Աբովյանում կհիմնվի եւս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն: Այս մասին  այսօր` օգոստոսի 17-ին,  «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` նշելով, որ մարզում գործում են 13 ադամանդագործական ընկերություններ:

«Ադամանդագործական արտադրանքի կշիռը մարզի մշակող արդյունաբերության 7,5 տոկոսն է կազմում։ Մարզում գործում են 13 ադամանդագործական ընկերություններ, այս տարի Աբովյանում կհիմնվի եւս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն: Մշակվող ադամանդի հումքը ներմուծվում է, իսկ արտադրված ադամանդն՝ արտահանվում։ Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում աշխատում են շուրջ 700 քաղաքացիներ։ Ադամանդագործության համար մեր մարզում կան մեծ նախադրյալներ՝ հարուստ փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում եւ մասնագետներ», - ասաց մարզպետը։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզը բազմաճյուղ տնտեսություն ունի, ՀՆԱ-ի մեջ մարզի տեսակարար կշիռը կազմում է 7 տոկոս, իսկ մարզի տնտեսության ծավալում գերակշռող մասը կազմում է արդյունաբերությունը։

«Մարզի տնտեսության զարգացման գերակա 4 հիմնական ճյուղերն են՝ ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունը եւ տեխնոլոգիական գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունն ու հյուրընկալությունը»,- հավելեց նա։