Մենք իսկապես 4 ամիս շարունակ բանակցություններ ենք վարում Բարաք Օբամայի գրասենյակի հետ, սակայն այս պահին այդ հարցով ոչինչ չունեմ ասելու: Օգոստոսի 17-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճշմարի՞տ են արդյոք WCIT 2019 համաժողովին Օբամայի մասնակցության մասին լուրերը:

«Այս փուլում ոչինչ չեմ կարող հայտարարել»,- նշեց Եսայանը:

Նա նաեւ ինտրիգ մտցրեց՝ նշելով, որ իրենք դեռեւս չեն հայտնում այն մարդու անունը, ով համաժողովը բացելու է՝ ակնարկելով, որ նա հայտնի անհատ է:

Խոսելով համաժողովի կազմակերպման մասին՝ Եսայանը հավելեց, որ WCIT 2019-ի ընթացքում կգործի հայկական տաղավար, որում ներկայացվելու են հայ մասնագետների ինովացիոն ձեռքբերումները: «Մենք պատրաստվում ենք զարմացնել մեր ձեռքբերումներով, ինչպես նաեւ նոր գաղափարներով»,- հայտարարեց Եսայանը:

Նրա խոսքով՝ ՏՏ հսկաներին դժվար կլինի զարմացնել ընկերությունների եւ աշխատակիցների թվով, դրա համար հիմնական ուշադրությունը կհատկացվի որակին:

«Մենք կներկայացնենք հայկական ընկերությունները, որոնք չնայած փոքրաթիվ աշխատակիցներին եւ համեստ ռեսուրսներին կարոաղացել են լուրջ արդյունքների հասնել»,-ասաց Եսայանը՝ հավելելով, որ հայ մասնագետները մեծ արդյունքների են հասել ՏՏ հիմնական ուղղություններից մեկում՝ արհեստական ինտելեկտի ոլորտում:

Ինչ վերաբերում է միջոցառման բյուջեին՝ Առաջատար  տեխնոլոգիաների  ընկերությունների միության (UATE) նախագահն ասաց, որ համաժողովը կազմակերպվել է հովանավորների հաշվին: «Կառավարությունը նույնպես օգնում է բոլոր հարցերով: Ժամանակ առ ժամանակ աշխատանքային խումբ է հավաքվում  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ: Մենք ունենք բյուջեի կողմից հաստատված գումար, սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք փորձում ենք չգտագործել այդ միջոցները, այլ օգտագործել հովանավորների օգնությունը », - ասաց Եսայանը: