Եթե հետեւողական չլինենք, ուրիշ ընթացք կստանա. ամեն բնագավառ պետք է կարգավորվի, որ չլինի թավշյա հեռացում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ իր տեսակետի մեջ փոփոխություն չկա:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»:

Հարցին, թե ինչու «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովին Աբովյանի քաղաքապետը ներկա չէ, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ Հրազդանի քաղաքապետն էլ ներկա չէ: Նշենք, որ Հրազդանի քաղաքապետը Սասուն Միքայելյանի որդին է:

Ճշտող հարցին, թե հրավեր չի՞ եղել, նա պատասխանեց. «Չգիտեմ, հրավիրողներին ու կազմակերպիչներին հարցրեք»:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը բաժանվել է երկու մասի, մի մասը դեմ է կոնվենցիային, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ իր տեսակետը կհայտնի քննարկման ժամանակ. «Քննարկման ժամանակ կերեւա: Ես իմ կարծիքը կհայտնեմ քննարկման ժամանակ»: