«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի մասնակից գործարարներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց բանկային ոլորտում իրենց աշխատանքը խոչընդոտող մի խնդիր:

Ծնունդով իրանցի գործարարը նկատեց, որ բանկային պրոբլեմներ կան ծնունդով իրանցի հայերի համար, քանի որ իրենք ամերիկյան պատժամիջոցների տակ են: Նա միաժամանակ նշեց, որ օրինակ, ԱՄՆ-ում ապրող իրանցին այդ խնդիրները չունի, իսկ ՀՀ-ում ապրող իրանցին ունի:

«Խիստ հետաքրքրված եմ գյուղատնտեսության ոլորտում աշխատանք սկսելու, զարգացնելու առումով, բայց պետական աջակցություն տվող բանկերի տեսակետից մենք ոչ ցանկալի հաճախորդ ենք: Ես ուզում եմ գործել ու ապրել Հայաստանում եւ աշխատել այս ոլորտում»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործարարի ասածում կարեւոր նրբերանգ կա, պետք է ճիշտ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը. «Կառավարությունն այս հարցում որեւէ միջամտություն, առնվազն՝ բացասական, չի ունենում: Բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք ունեն նաեւ օտարերկրյա բաժնետերեր, ու մանավանդ վարկ տալու-չտալու գործում կառավարություն չի կարող միջամտել, ասել՝ այսինչ մարդուն վարկ տվեք, այսինչ մարդուն՝ մի տվեք:

Բայց ամիսներ առաջ երբ խնդիրներ կային, նաեւ Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների հետ, կառավարությունը հաղորդակցություն սկսեց բանկային համակարգի հետ, որ մենք կարողանանք մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանել, որ նրանք խտրականության չենթարկվեն»,- ասաց նա:

Վարչապետը խոստացավ՝ իր օգնականը կապ կհաստատի գործարարի հետ, կոնկրետ դեպքը կքննարկեն, ապա հավելեց. «Եթե բանկերից մեկը վարկ չի տալիս, հնարավոր է՝ այլ բանկից փորձի վարկ ստանալ, որը այլ քաղաքականություն ունի»:

Փաշինյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ, բացի Իրանի շուրջ միջազգային կոնյունկտուրայի հետ կապվածից, կա նաեւ մեկ այլ նյուանս՝ վարկ տալ-չտալու վերաբերյալ. «Հայաստանի ոչ քիչ քաղաքացիների վարկը բանկերը մերժում են: Այստեղ պետք է հասկանալ վարկի մերժման պատճառները, ու բնականաբար, մենք որեւէ բանկի չենք կարող պարտադրել որեւէ մեկին վարկավորում տալ, բայց խտրականությունից պաշտպանելու առումով կառավարությունն իհարկե կարող է հասկանալ, արձանագրել, որ եթե գոյություն ունի խտրականության դեպք, դրանից բխող նաեւ որոշակի գործողություններ անել»,- ասաց Փաշինյանը:

Համաժողովի մասնակից մեկ այլ գործարար վարչապետին տեղեկացրեց, որ Չինաստանի հետ պայմանագիր են կնքել, նրանք փողը փոխանցում են, մինչդեռ դեսպանատնից հայտնել են, որ բանկը թույլ չի տալիս Հայաստան փող փոխանցել, քանի որ Իրանի հարեւանն ենք:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չինաստանի դեպքում գործ ունենք նույն խնդրի հետ, ինչ Հայաստանում: Չինաստանի կառավարության քաղաքականությունը Իրանի հարցում լրիվ ուրիշ է: Չինաստանը, ի հեճուկս պատժամիջոցների, Իրանից նավթ է գնում, բայց կա կոնկրետ բանկ, որ հաշվում է՝ այդ քաղաքականությունն իր համար ռիսկային է, իր քաղաքականության շրջանակներում որոշ որոշումներ է կայացնում»,- նշեց վարչապետը: