Ղրղզստանի ՆԳՆ-ն  նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ազգականներից մեկի տանը հայտանբերել է նրա կողմնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպման ծախսերի ցանկ: Այս մասին ասվում է շաբաթ նախարարության տարածած հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մարդկանց ցուցակներ՝ բնակավայրերի նշմամբ, հեռախոսահամարներով, ինչպես նաեւ  2.225 մլն սոմ (32 հազար դոլար) եւ 318 հազար դոլարի ծախսերի մասին գրառումներ: Նախնական տվյալներով՝ նշված գումարները ծախսվել են  հանրահավաքների եւ զանգվածային անկարգությունների մասնակիցներին պահելու  եւ ֆինանսավորելու համար», - նշվում է հաղորդագրությունում:

Գերատեսչության տվյալներով՝ այդ միջոցները պահպանվել են  Աթամբաեւի որդու աներոջ տանը: Այնտեղ են գտնվել նաեւ գումարները ստացողների անունները:

«Ներկայումս տվյալ ցուցակները մանրակրկիտ ստուգվում են եւ հետագայում դրանց վերաբերյալ օրինական որոշում կընդունվի», - նշում է  ՆԳՆ-ն:

Անձեռնմխելիությունից զրկված Աթամբաեւը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին Կոյ Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տեւած հատուկ գործողության ընթացքում:

Պետության նախկին ղեկավարի կողմնակիցները դիմադրություն էին ցույց տվել, գործողության ժամանակ մահացել է մեկ հատուկ ջոկատային: Դիմակայության ընթացում  բժշկական օգնության համար դիմել էր ավելի քան 100 մարդ, այդ թվում ոստիկանության աշխատակիցներ:

Նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն ասել է, որ Աթամբաեւը խախտել է Սահմանադրությունը՝ զինված դիմակայություն ցույց տալով  ուժայիններին: Դատարանը առնվազն մինչեւ օգոստոսի 26-ը նախկին նախագահին կալանավորելու որոշում է  կայացրել եւ Աթամբաեւը  տեղափոխվել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարան:

Նախկին նախագահին ծանուցում է հանձնվել իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն կիրառելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մահափորձ կազմակերպելու, գերեվարում կազմակերպելու, քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւին բանտարկությունից ապօրինաբար ազատ արձակելու ժամանակ կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ-ի վերակառուցման ժամանակ կոռուպցիայի եւ Բիշքեկում «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ կապված անօրինական գործարքի եւ Կոյ Տաշ գյուղում ապօրինի հողատարածք ձեռք բերելու կասկածանքի մասին: