Օտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը խոստովանել է, որ միասեռական է, հաղորդում է  Lenta -ն՝ հղում կատարելով Ottawa Citizen-ին:

«Ես գեյ եմ: Եւ ահա ես ասեցի դա, այսինքն՝ գրեցի դա: Այդ երկու բառերը բարձրաձայնելու համար ինձ պետք էր շուրջ 40 տարի, սակայն, ինչպես հաճախ ասում են, լավ է ուշ, քան երբեք»,-գրել է Ուոթսոնը: Նա հավելել է, որ այդ մասին երկար տարիներ շարունակ լռելը մեծ սխալ էր:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մեկնաբանել է Ուոթսոնի խոստովանությունը եւ շնորհակալություն հայտնել նրան, որ վերջինս կիսվել է իր պատմությամբ: «Համարձակ խոսքեր են, որոնք, ես վստահ եմ, կոգեշնչեն Օտավայի բնակիչներին եւ բոլոր կանադացիներին չամաչել լինել այնպիսին, ինչպիսին կան»,-թվիթերյան իր էջում գրել է քաղաքական գործիչը:

Կանադայում միասեռ ամուսնություններն օրինականացվել են 2005 թվականի հուլիսի 20-ին քաղաքացիական ամուսնության մասին օրենքի ընդունման պահից: Համաձայն Angus Reid սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի զեկույցի (հուլիս, 2010)՝ կանադացիների 61 տոկոսը կողմ է միասեռ ամուսնությունների օրինական կարգավիճակին, իսկ այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում (36 եւ 41 տոկոս համապատասխանաբար): 2015 թվականին Forum Research մարքեթինգային ընկերության հարցման արդյունքները վկայում են, ոչ կանադացիների 70 տոկոսն է սատարում միասեռ ամուսնությունները: