Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը իր գործընկերոջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։  Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ և ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, պաշտպանության նախարարները կարևորել են համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ։