Փաստաբանների թուրքական կոլեգիան առաջին անգամ բոյկոտի է ենթարկել Բարձրագույն դատարանի արարողությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պալատում՝ հայտարարելով, որ դա թուլացնում է իշխանության բաժանման սկզբունըք, հաղորդում է Bloomberg-ը:

Դա վերջին հարվածն է Էրդողանի ուղղությամբ, որին որոշ դաշնակիցներ ավելի ու ավելի են քննադատում այդ տարի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պարտությունից հետո: Եվրամիությունը դատապարտել է Էրդողանի իշխանության ներքո դատավորների եւ դատախազների վրա գործադրվող քաղաքական ճնշումը:

Թուրքիայի տարբեր նահանգներում գործող մի քանի տասնյակ փաստաբանական ասոցիացիաներ հայտարարել են, որ չեն ցանկանում մասնակցել սեպտեմբերի 2-ին կայանալիք արարողությանը: Հանդիպման վայրի ընտրությունը նշանակում է դեմոկրատիայի, օրենքի եւ արդարության մասին ուսմունքից հրաժարում, ասված  է Փաստաբանների ստամբուլյան ասոցիացիայի հայտարարության մեջ, որում կա շուրջ 45 000 անդամ:

«Իշխանությունների տարանջատումը քայքայվել է»,-հայտարարել է Ստամբուլյան ասոցիացիայի ղեկավար Մեհմեթ Դուրաքօղլուն: Եթե Էրդողանն ու Բարձրագույն դատարանը հաշվի չառնեն այդ մեսիջը, դրան կարող են հետեւել այլ բողոքի ցույցեր, ասել է նա:

Թուրքիայում իրավաբանական տարվա սկզբին նվիրված արարողությունն առաջին անգամ տեղի էր ունեցել Էրդողանի պալատում 2016 թվականին՝ անհաջող ռազմական հեղաշրջումից հետո: Չնայած արարողության անցկացման վայրը փոխվել էր 2017 թվականին քննադատությունների արդյունքում՝ անցած տարի այն կրկին անցկացվել էր նախագահական պալատում:

Սակայն ոչ բոլոր փաստաբաններն են համակարծիք բողոքողների հետ: Թուրքիայի փաստաբանների միությունը հայտարարել է, որ կմասնակցի այդ միջոցառմանը: Ինչպես հաղորդում է Cumhuriyet-ը, արարողության ժամանակ ելույթ կունենա դրա ղեկավար Մեթին Ֆեյզիօղլուն: