ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կսահմանի 100-տոկոսանոց սակագին ֆրանսիական գինիների ներմուծման դեպքում: Այդ մասին Թրամփը հայտարարել է Հեմփթոնսում իր այցի ժամանակ, որտեղ անցկացնում էր դրամական միջոցների հավաքագրման արշավ օգոստոսի 9-ին, հաղորդում է Bloomberg-ը:

Հուլիսի վերջում Թրամփը թվիթերյան գրառում էր կատարել, որ ԱՄՆ-ը պատրաստում է «շոշափելի պատասխան ակցիա» Ֆրանսիայի դեմ ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին ուղղված վերջինիս թվային հարկի դիմաց:

Այս շաբաթ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը հաստատել էր այսպես կոչված թվային ծառայությունների համար սահմանված հարկը 3-տոկոսի չափով, որը նախատեսված է առնվազն 750 միլիոն եվրո, իսկ Ֆրանսիայում 25 միլիոն եվրո շրջանառություն ունեցող համաշխարհային ընկերությունների համար: Այն կկիրառվի հետին ամսաթվով՝ սկսած 2019-ի տարեսկզբից, եւ կհամալրի Ֆրանսիայի բյուջեն տարեկան մինչեւ 400 միլիոն եվրոյով:

Թրամփը քննադատել էր ֆրանսիական նախագիծը: «Եթե որեւէ մեկը կարող է հարկեր սահմանել այդ ընկերությունների համար, ապա դա պետք է լինի միայն ԱՄՆ-ը»,-գրել էր Թրամփը:

Այս երկուշաբթի ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչի գրասենյակում նախատեսված են հանրային լսումներ ամերիկյան տեխնոլոգիական առաջնորդների հետ ֆրանսիական հարկի պոտենցիալ ազդեցության մասին, նշում է Bloomberg-ը: Կախված քննարկումների արդյունքներից՝ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը կարող է խորհուրդ տալ Թրամփին սահմանել պատասխան սակագներ Ֆրանսիայի դեմ: