Օգոստոսի 15-ին Շատին գյուղում ոստիկանների ներխուժումից հետո մահացած 32-ամյա Քրիստինե Հայրապետյանի հարազատները կնոջ մահվան համար մեղադրում են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Արմեն Հարությունյանին:

Մահացած Քրիստինեի եղբայրը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ քույրը նոր էր սրտի վիրահատություն տարել, եւ քանի որ նրա ընտանիքը զբաղվում էր անասնապահությամբ եւ սարում է գտնվել, իրենք են քրոջ խնամքով զբաղվել:

«Իմ քրոջ մահվան միակ պատճառը եղել է Եղեգնաձորի բաժնի պետը` Հարությունյանը, ու իր անձնակազմը, ես չեմ լռելու, բողոքելու եմ մինչեւ վերջ, գնալու եմ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մինչեւ անգամ պատրաստ եմ հացադուլի` մինչեւ Փաշինյանն ինձ չլսի»,-ասաց նա:

Մահացածի եղբայրը պատմեց, որ խնդրո առարկա բնակարանը, որտեղ իրենք ապրում են շուրջ 30 տարի, դպրոցից են իրենց հատկացրել: Նույն շենքում 2 սենյակ են հատկացրել նաեւ երաժշտության ուսուցչուհուն, ոստիկաններն էլ ցանկացել են այդ սենյակները տրամադրել երաժշտության ուսուցչուհուն:

«Մարզպետին էլ էի նամակ գրել, վարչապետին էլ, բայց ոչ մի արձագանք, եւ եղավ այն, ինչը չպետք է լիներ»,- ասաց նա:

Մահացած 32-ամյա կնոջ ամուսինը` Արտյոմ Վարդանյանը, պատմեց, որ մի քանի օր առաջ իրենք զգուշացրել են ոստիկաններին, որ չանհանգստացնեն իրենց ընտանիքին, քանի որ կինը վատառողջ է, սակայն ոստիկանները այցելել են կնոջ հայրական տուն:

«Ես աներձագիս կնոջից զանգ ստացա, թե Քրիստինեն լավ չի, եկա, տեսա` Քրիստինեն հենված էր, բայց գիտակցությունը նորմալ էր, միլիցիայի անձնակազմին ասեցի՝ դուրս եկեք, միլպետն առաջ եկավ, ասեց` ոնց դուրս եկեք, ինքը ստից է անում, ցինիկություն է անում, կինս ասեց՝ ինձ դուրս հանի, լավ չեմ, գրկեցի, հանեցի դուրս, չկարողացա փրկեի»,- պատմեց ամուսինը`Արտյոմ Վարդանյանը:

Մահացած 32-ամյա Քրիստինեի քույրը` Մարիաննա Հայրապետյանն էլ պատմեց, որ չնայած ոստիկաններին նախապես զգուշացրել էին,որ Քրիստինեն վիրահատված է, չանհանգստանեն իրենց, այնուամենայնիվ ոստիկանության աշխատակիցներ եկել են իրենց տուն:

«Հաց էինք ուտում, դեռ սեղանն էլ չէինք հավաքել, երկու կողմից ոստիկանները ներխուժեցին մեր տուն, քույրս վատացավ, գոռացի` քրոջս մի բան եղավ, պատասխան կտաս, ինքը (Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետը՝ խմբ․) շատ բռի կերպով պատասխան տվեց, եթե մի ժամ շուտ լիներ, հիմա արդեն պրծած կլինեինք: Իրենք պետք է պատասխան տան այդ բառի համար: Ասում եմ` ցույց տվեք թուղթը` ինչի համար եք եկել, հանում ա «ուդոն», ցույց ա տալիս, ասում ա՝ ես ոստիկանապետն եմ` ծիտն իմ դեմով չի կարա թռնի, ես ոստիկանապետն եմ, ում ուզում եք, բողոքեք: Ինչով են մեղավոր իմ քրոջ երկու երեխեքը, որ էսօր մնացին մենակ»,- ասաց Մարիաննա Հայրապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ոստիկանների գործողությունների պատճառով 32-ամյա կնոջ ինքնազգացողությունը վատացել է, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: