Չինաստանի ամենահայտնի մշակութային եւ պատմական կենտրոններից մեկը համարվող Սիանը ավելի քան 3100 տարվա պատմություն ունի եւ կայսերական 13 դինաստիաների կառավարման ժամանակ եղել է Չինաստանի մայրաքաղաքը։ Հենց այստեղից է սկսվել Մետաքսի ճանապարհը։

Հայաստանում Չինաստանի դեսպանության օժանդակությամբ հայաստանյան 7 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ NEWS.am-ի թղթակիցը, հուլիսի 7-ից 16-ը մեկնելով Չինաստան, եղել են նաեւ Չենսի նահանգի ամենախոշոր քաղաքում՝ Սիանում, որ թարգմանաբար նշանակում է «Արեւմտյան աշխարհ» ։

Կայարանից դուրս գալուն պես՝ «կլանում» է քաղաքի աուրան՝ մաքուր օդով, հրաշալի բնությամբ, յուրահատուկ շենքերով։ Հատկապես մութն ընկնելուն պես քաղաքի գլխավոր ճեմուղին զբոսնելու է հանում նույնիսկ ամենածույլ տուրիստին։ Այստեղ կյանքը եռում է անգամ կեսգիշերն անց. մարդիկ երգում են, պարում, երեխաները խաղում։

ԶԼՄ ներկայացուցիչներիս այցը Սիան կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի՝ մշակութային եւ տնտեսական։ Քաղաքի իշխանություններն ու Չինաստանի ԱԳՆ-ն արել էին հնարավոր ամեն ինչ, որ 3 օրում մենք տեսնենք առավելագույնը։ Պարզապես անհնար է պատկերացնել, որ կարող ես լինել Սիանում ու չայցելել Տերակոտե բանակ, չտեսնել քաղաքային պատն ու Վայրի սագերի մեծ պագոդան։

Սիանը, որից ժամանակին սկսվել է Մետաքսի ճանապարհը, այսօր նույնպես տնտեսական մեծ նշանակություն ունի Չինաստանի համար։ Ապացույցը Սիանի նավահանգիստն է, որը նոր մետաքսի ճանապարհի կենտրոնական օբյեկտներից մեկն է։ Այն Չինաստանի արեւելյան ափամերձ շրջանները կապում է արեւմտյանի հետ։ Հենց այս նավահանգիստն է միջազգային լոգիստիկայի կենտրոն. չինական կոնտեյներները այստեղից են մեկնում Եվրոպա։ Սիանի միջազգային նավահանգստի քարոզչության բաժնի պետ Լի Թաո խոսքով, այս նավահանգիստը թույլ է տալիս Շենսի նահանգին եւ Չինաստանի արեւմտյան մյուս շրջաններին ակտիվ մասնակցություն ունենալ միջազգային առեւտրին։ Հատկանշական է, որ նավահանգիստը դեպի ծով ելք չունի։ Լի Թաոն ընդգծեց՝ հենց սա է նորարարությունն ու համարձակ քայլը, որ իրենք արել են։

Նավահանգստի տարածքում նաեւ տասնյակ տեղական եւ միջազգային ընկերություններ իրենց մասնաճյուղերն են բացել։ Իշխանություններն այս ընկերություններին շահավետ պայմաններ են առաջարկում, դա է պատճառը, որ ներդրումների ընդհանուր ծավալը արդեն հասնում է շուրջ 2.3 մլրդ դոլարի։ Նավահանգիստն ունի նաեւ կոնտեյներային երկաթգիծ, որի վրա ծախսվել է 100 մլն դոլար։

«Երկաթգծի կառուցման շնորհիվ կոնտեյներներով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի աճում է»,- լրագրողների հետ զրույցում խոսքը եզրափակեց Լի Թաոն։

Նավահանգստից հեռանում ենք՝ հույսով, որ մի օր Հայաստանն էլ կհայտնվի ապրանք ներկրող եւ արտահանող մեծ քարտեզի վրա։