ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի գնումը կդառնա «անշարժ գույքի խոշոր գործարք», որը կարող է թեթեւացնել Դանիայի ֆինանսական բեռը:

«Մեզ դա հետաքրքրում է ռազմավարական առումով, մենք նրանց հետ դա կքննարկենք»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ սա «օրակարգի թիվ մեկ» թեման չէ, փոխանցում է Bloomberg-ը:

Թրամփի կարծիքով՝ Դանիան տարեկան մոտ 700 մլն դոլար է կորցնում՝ հետեւելով զանգվածաբար սառույցով ծածկված կղզուն, որի բնակչությունը մոտ 58 հազար մարդ է: «Սա Դանիայի համար անչափ ցավագին է,- ասել է նա: Ըստ էության, սա անշարժ գույքի խոշոր գործարք է: Հնարավոր է շատ բան անել»:

Թրամփը պետք է Դանիա այցելի հաջորդ ամիս: Ընդ որում՝ նա նշել է, թե վստահ չէ՝ այդ հարցն արդյոք կքննարկվի:

Դանիայի պաշտոնատար անձինք այս հարցում անդրդվելի են այն պահից սկսած, երբ անցյալ շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որ Թրամփն իր խորհրդականներին եւ իրավաբաններին հանձնարարել է հնարավոր գործարքն ուսումնասիրել:

Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լարրի Քուդլոուն կիրակի հայտարարել էր, որ Գրենլանդիան «ռազմավարական տարածք» է՝ հարուստ արժեքավոր հանքանյութերով, եւ որ բանավեճերը շարունակվում են:

«Նախագահը, որն ինչ-որ բան գիտի անշարժ գույք գնելու մասին, ցանկանում է ուսումնասիրել Գրենլանդիայի հնարավոր գնումը»,- Fox News Sunday-ին ասել է Քուդլոուն: