ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները գործ ունենա չինական Huawei-ի հետ, չնայած վարչակազմը քննարկում է ընկերության համար արտոնյալ ժամկետի երկարաձգման հարցը, փոխանցում է Reuters-ը:

Սպասվում է, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունը կերկարացի Huawei Technologies Co Ltd-ին տրամադրած հետաձգումը, ինչը չինական ընկերությանը թույլ կտա ամերիկյան ընկերություններից ապրանքներ գնել:

Թրամփը լրագրողներին ասել է, որ Huawei-ի հետ գործ ունենալ չի ցանկանում ազգային անվտանգության նկատառումներով: «Ներկայումս ամեն ինչ այնպես է ներկայացվում՝ կարծես մենք չենք պատրաստվում բիզնեսով զբաղվել,- ասել է Թրամփը: - Ես ընդհանրապես չեմ ուզում (այդ ընկերության հետ) բիզնեսով զբաղվել, քանի որ դա սպառնալիք է ազգային անվտանգությանը, եւ ես իսկապես կարծում եմ, որ լրատվամիջոցներն այս թեման մի փոքր այլ կերպ են լուսաբանում»:

Նրա խոսքով՝ Huawei-ի բիզնեսի որոշակի ուղղությունները կարող են արգելքից ազատվել, բայց դա «անչափ դժվար» կլինի:

Ավելի վաղ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարրի Քուդլոուն հայտարարել էր, որ առեւտրի նախարարությունը Չինաստանի հետ առեւտրային բանակցությունների ֆոնին որպես բարի կամքի դրսեւորում 3 ամսով կերկարացնի Huawei-ի լիցենզավորման գործընթացը: