«Ստեղծիր քո երազանքը». չինական BYD ապրանքանիշի կարգախոսն առաջինն է աչք զարնում գործարան այցելելիս։ Սիան քաղաքի մոտակայքում գտնվող գործարան այս ամռանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան օժանդակությամբ այցելել են հայաստանյան 7 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ NEWS.am–ի թղթակիցը։

BYD-ն միակ չինական ավտոարտադրողն է, որը համաշխարհային ճանաչում ունի, ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 300 քաղաքներում։ Ինչպես ընկերության ներկայացուցիչն է շեշտում, BYD–ն զարգանում է արագ տեմպերով։ 24 տարի առաջ այն ուներ ընդամենը 30 աշխատող։ Ներկայումս տարեկան արտադրվում է ավելի քան 500 հազար մեքենա։ 2010թ.–ին ընկերությունը հայտարարեց, որ հավակնում է դառնալ առաջատար էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում։ Այսօր արդեն ընկերությունը էլեկտրական ավտոբուսների գործարաններ ունի նաեւ ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Հունգարիայում եւ Բրազիլիայում։

«Մենք ունենք հետեւյալ էլեկտրական տրանսպորտային միջոցները՝ քաղաքային հանրային տրանսպորտ, մարդատար մեքենաներ, տաքսիներ, շտապօգնության մեքենաներ, աղբատար մեքենաներ, քաղաքային լոգիստիկա, մասնավոր մեքենաներ։ Մեր մեքենաների ամենաէժան մոդելն արժե 3000 դոլար»,- լրագրողների հետ զրույցում նշում է ընկերության ներկայացուցիչը։

Նշենք, որ Շենսի նահանգի Սիան քաղաքում գտնվող մասնաճյուղն ամենախոշորներից է։ Տարածքն այնքան մեծ է, որ շրջելու եւ արտադրության ընթացքին հետեւելու համար լրագրողներիս ավտոբուս տրամադրվեց։ Հատուկ մոնիտորներով կարող ես տեսնել, թե ինչպես է մեքենան ստեղծվում, որ դետալի վրա է մարդ աշխատում, որն է արվում ռոբոտի միջոցով։ Ակնհայտ է, որ կատարվում է մանրակրկիտ աշխատանք, վերջնական տեսքի բերվելուց հետո մի քանի մակարդակներով մեքենան ստուգվում է, որից հետո միայն այն պատրաստ է վաճառքի։ Վերջում արդեն խմբին հնարավորություն է տրվում վարել արտադրողի ամենավերջին մոդելներից մեկը, որի շուկայական արժեքը սկսվում է 40 հազար դոլարից։

Հատկանշական է նաեւ, որ գործարանը հատուկ կառուցվել է Սիան քաղաքից բավականին հեռու, որ քաղաքի օդը հնարավորինս քիչ աղտոտվի։

Հիշեցնենք, որ Սիանը համարվում է Չինաստանի ամենահայտնի մշակութային եւ պատմական կենտրոններից մեկը։ Այն նախկինում նաեւ մայրաքաղաք է եղել, հենց Սիանից էլ սկսվել է Մետաքսի ճանապարհը։