ԱԺ ԲՀԿ խմբակցությանն պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր` օգոստոսի 19-ին, մասնակցում է Ամուլսարի շահագործման դեմ ընթացող բողոքի ակցիային Բաղրամյան 26-ում:

«Այսօր եկել եմ իմ ժողովրդի կողքին կանգնելու, այն կարծիքին եմ, որ առնվազն Արփա եւ Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է: Դա ընդունել են եւ փորձագետները, եւ Լիդիանի մասնագետները, հետեւաբար եթե այդ խնդիրները դեռ լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն դա բավարար է, որ հանքը չշահագործվի»,- ասաց նա:

Նշենք, որ ակցիային զուգընթաց Ամուլսարի հարցով վարչապետի հետ հանդիպում է այս պահին ընթանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: