Սիրիան վճռականորեն դատապարտել է երկրի սահմանի հատումը ռազմամթերքով թուրքական մեքենաների եւ ռազմական այլ միջոցների կողմից, որոնք մտել են Սերաքիբ քաղաք եւ ուղեւորվում են Իդլիբ նահանգի Խան-Շեյհուն, որպեսզի փրկեն «Ջեբհաթ Ան Նուսրայի» ահաբեկիչներին, ինչը վերստին հաստատում է ահաբեկչական խմբավորումներին թուրքական ռեժիմի անսահմանափակ աջակցությունը: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ում աղբյուրին:

Պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ «զենքով թուրքական զրահամեքենաները խախտել են Սիրիայի սահմանը եւ մտել Սերաքիբ քաղաք, նրանք շարժվում են Խան-Շեյհունի ուղղությամբ, որպեսզի շտապ օգնություն ցույց տան «Ջեբհաթ Ան Նուսրայի» ահաբեկիչներին, որը Անվտանգության խորհրդի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ»:

«Սիրիան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի այս աղաղակող միջամտությունը եւ թուրքական ռեժիմի վրա է դնում երկրի ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության այս խախտման հետեւանքների համար լիակատար պատասխանատվությունը:

Թուրքական ռեժիմի ագրեսիվ վարքագիծը ոչ մի կերպ չի ազդի Սիրիական բանակի վճռականության վրա շարունակելու Խան-Շեյհունում եւ այլ շրջաններում մնացած ահաբեկիչների հետապնդումը մինչեւ ահաբեկիչներից Սիրիայի ամբողջ տարածքի ազատագրումը»,- շեշտել է երկրի ԱԳՆ-ում աղբյուրը: