Որոնողական խումբը հայտնաբերել է Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-29 օդանավի «սեւ արկղը», որն աղետի էր ենթարկվել Կասպից ծովի երկնքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

«Գտնվել եւ ծովի հատակից վեր է բարձրացվել գիշերային ուսումնամարզական թռիչքների ժամանակ կործանված Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավի «սեւ արկղը»»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանական գերատեսչության տեղեկություններով՝ այս պահին ուսումնասիրվում է «սեւ արկղի» տեխնիկական վիճակը՝ սարքի հիշողության մեջ պարունակվող տեղեկությունների վերծանման համար: Դրանից բացի, շարունակվում են ծովի հատակից օդանավի բեկորները հանելու աշխատանքները:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին գիշերային ուսումնամարզական թռիչքների ժամանակ վթարի էր ենթարկվել եւ Կասպից ծովն ընկել Ադրբեջանի ՌՕՈՒ ՄիԳ-29 օդանավը: Երկրի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայությանն անփույթ վերաբերմունք, որը ծանր հետեւանքների է հանգեցրել): Վթարի պատճառների քննության նպատակով ստեղծվել է քննչական խումբ: Օդանավի եւ օդաչուի որոնումներին, բացի տեղացի փրկարարներից, ներգրավվել են թուրք մասնագետներ եւ ՌԴ ՌԾՈՒ Կասպիական նավտորմիղի վթարա-փրկարարական ջոկատի մասնագետները: