Այժմ Մ-6 ճանապարհի շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն նույնիսկ դա չի խանգարում, որ տուրիստների հոսքը Լոռու մարզ տարեցտարի  ավելանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Կարծում եմ՝ հաջորդ տարի կունենանք հիանալի ճանապարհ եւ թե Հայաստանից, թե Վրաստանից ավելի շատ մարդիկ կայցելեն Լոռի»,-ասաց նա:

Անդրադառնալով Լոռու մարզում ներդրումների ոլորտում  իրավիճակին, մարզպետը նշեց. «Ունենք մի քանի խոշոր ներդրումներ, ունենք միջին ու մանր բազմաթիվ ներդրումներ, կա դրական դինամիկա»: Նա հավելեց, որ տնտեսական հեղափոխությունը Լոռի պետք է հասցնի յուրաքանչյուր լոռեցի եւ հիմա այդ գործընթացի մեջ են:

Մարզպետն անդրադարձավ նաեւ Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակին, որի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել. դիտարկմանը, որ կան տեղեկություններ, որ մարզպետն ունի դպրոցի տնօրենի իր թեկնածուն, դրա համար դեմ է հին տնօրենի թեկնածությանը, Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Մարզպետը թեկնածու չունի, ուղղակի մարզպետն ունի սկզբունք, որ քրեական գործով անցնող բոլոր տնօրեններն այլեւս տնօրենի պաշտոնին չեն կարող հավակնել: Դա ընդհանուր մոտեցում է մարզի բոլոր 49 դպրոցների համար: Որտեղ կան հարուցված քրեական գործեր, այդտեղ այդ տնօրենները այլեւս տնօրենի պաշտոն չեն կարող զբաղեցնել:

Կա քրեական գործ, որի ընթացքն արդարացման ուղղությամբ չի ընթանում, հավանաբար մենք ունենալու ենք մեղադրական եզրակացություն, հետեւաբար, իմ մոտեցումն ընդհանուր է: Նույնիսկ եթե պետությանը հասցված վնասը փոխհատուցվում է, քրգործը կարճվում է, ամեն դեպքում այդպիսի տնօրենները չեն կարող զբաղեցնել իրենց պաշտոնը, ու դա արվում է օրենքի սահմաններում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թիվ 2 դպրոցում չի հաջողվում տնօրեն ընտրել: Դպրոցի աշխատողները եւ ծնողները պահանջում էին, որպեսզի տնօրենի պաշտոնում շարունակի մնալ Լիլյա Հարությունյանը։ Մյուս կողմից ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենը իր պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։ Նա մի անձի հրամանագրել է որպես պահակ, որը 2008 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չի եկել։ Նրա անվամբ դուրս գրված 5․765․300 դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։ Բացի այդ, տնօրենը վաճառել է ՄԱԿ-ի «Համաշխարհային ծրագիր-Հայաստան» գրասենյակի կողմից դպրոցին հատկացված ալյուրի մի մասը՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս։