Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, ասաց ակտիվիստ Աննա Շահնազարյանը, ով Ամուլսարի հարցով  վարչապետի հետ քննարկման կեսից դուրս էր եկել դահլիճից:

Ակտիվիստի խոսքով`վարչապետի խոսքն իրեն չի համոզել, իրավական առումով երկրում որոշողը ժողովուրդն է, ընդերքը պատկանում է ժողովրդին, գիտական ուսումնասիրությունը դեռ հիմք չէ որևէ գործողության դիմելու, բայց նույնիսկ գիտական ուսումնասիրությամբ  փորձ արվեց ներկայացնել հակառակը:

«Սա ինձ համար բռնություն է մեր հանդուրժողության, բանականության նկատմամբ, պետք է դա թույլ չտանք: Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր: Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցում է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»,- ասաց նա: