Սիրելի հայրենակիցներ ու համերկրացիներ, կխնդրեի, որ չտրվեինք էյֆորիայի՝ կապված ՀՀ ԶՈՒ գործունեության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, բոլորս էլ ուզում ենք լավ լուրեր լսել, բայց այն տեղեկությունները, որոնք վերջին շրջանում շրջանառվում են՝ կարող են լուրջ խանգարել ու վտանգել մեր սահմանային զորամիավորումների գործունեությանը:

Մենք՝ քաղաքացիական բնակչությունս, ընդամենը դիտորդներ ենք ու դրական կամ բացասական հուզականություն ենք դրսեւորում ցանկացած լուրի հանդեպ: Եվ ուզում ենք, որ ինչ կատարվում է սահմանային դիրքային հատվածներում՝ տեղեկանանք: Բայց կարծում եմ, որ ընդամենը պետք է վստահել մեր զինվորականությանը, որն իր հայրենապահ գործը բարեխղճորեն կատարում է:

Մեր բանակն ամենօրյա աշխատանքով անում է ոչ միայն առավելագույնը, այլ շատ դեպքերում՝ անհնարինը: Հավատացեք: Կրկնում եմ՝ ամենօրյա աշխատանքով:

Պետք չի այստեղից-այնտեղից հայթայթված լուրեր, շատ դեպքերում՝ ձեւափոխված, տարածել, եթե ՊՆ-ն այդ մասին չի խոսում, անգամ եթե ոգեւորող լուրեր են:

Բացատրեմ, թե ինչու: Օրինակ՝ դիրքեր առաջ տալու մասին երբ մարդիկ գրում են, պետք է նկատի ունենան, որ դիրք առաջ տալը նախագծային, այնուհետեւ իրագործման՝ տեւական լուրջ ու տքնաջան աշխատանք է: Դրան հետեւում է էլի տքնաջան եւ վտանգներ պարունակող քողարկված ինժեներական աշխատանք: Երբ դեռ այդ ամենը գործընթացի մեջ է, եւ մենք հրապարակայնացնում ու խոսում ենք այդ մասին՝ վտանգում ենք եւ՛ իրականացնողներին, եւ՛ այդ աշխատանքը:

Առավել վտանգավոր է, երբ այդ մասին ստատուս են գրում բարձրաստիճան, բայց ոչ զինվորական պետական այրերը: Դրանով ուշադրություն ենք հրավիրում հակառակորդի ղեկավարությանը, որով էլ մեծանում է նրանց սեւեռումը (ռազմական եւ քաղաքական)՝ քննարկվելիք տարածքների ուղղությամբ: Այդ ամենով վտանգում ենք ընթացքի մեջ գտնվող աշխատանքներն ու այն իրականացնող մեր զինվորականներին: Լինենք զուսպ եւ առաջնորդվենք այն տեղեկություններով, որը ՊՆ-ն նպատակահարմար կգտնի հրապարակայնացնել»:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը եւս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւս հաստատել է տեղեկատվությունը, նշելով, որ ճշգրիտ գործողությունների արդյունքում այժմ մեր զորքերի վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ստրատեգիական նշանակություն ունեցող Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։

«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում»,- նշել է նա ու հավելել, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար եղել է անսպասելի:

Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյանը՝ ՀՀ զինված ուժերի նոր ձեռքբերման մասին