Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռեւս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետեւելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարեւորությունը, եւ հաստատել Արցախի արտաքին գործերի նախարարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը: