Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը շարունակում է ուրվագծել Մարսի վրա մարդկության բնակեցման ծրագրի մանրամասները. նա հաստատել է զանգվածային միջուկային ռմբակոծության միջոցով Կարմիր մոլորակի կլիմայական պայմանները փոփոխելու իր մտադրությունը, փոխանցում է HighTech+-ը:

Ինչպես հաճախ է պատահում, քննարկումը սկսվել է թվիթից: Մասկը կոչ է արել «Մարսը ռմբակոծել», այնուհետեւ հստակեցրել է, որ շուտով մարզաշապիկներ կթողարկի այդպիսի գրությամբ, եւ դա «թեժ» կլինի: Իլոնի գաղափարն այն է, որ բեւեռների շրջանում ռմբակոծությունը կարող է մթնոլորտ գոլոշիացնել բավականաչափ ջուր եւ սառած ածխաթթու գազ, որպեսզի Մարսի վրա առաջանա ջերմոցային էֆեկտ եւ ավելի տաք դառնա:

«Դա [ռմբակոծությունը] բոլոր խնդիրները չի լուծի, բայց սա ճիշտ ուղղությամբ կատարվող քայլ է… Եթե այն բավականաչափ ինտենսիվ լինի, Մարսի կլիմայական պայմանները կարելի է փոխել դարից պակաս ժամանակում»,- ասել է SpaceX-ի ղեկավարը՝ չհստակեցնելով, թե քանի ռումբ կամ միջուկային մարտագլխիկներով քանի Starship տիեզերանավ կպահանջվի դրան հասնելու համար: