Եզրակացությունը կարդացել եմ եւ գտնում եմ, որ շատ խնդրահարույց կետեր կան եւ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլ տալը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, ՔՊ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ Ամուլսարի հանքի վերաբերյալ «Էլարդ» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եւ եզրակացության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան. «Պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչ ռիսկեր կան, ինչպես կարելի է խուսափել դրանցից»:

Վարազդատ Կարապետյանը հստակեցրեց, որ ինքը ոչ թե կասկածի տակ է դնում «Էլարդ» ընկերության եզրակացությունը, այլ ասում է, որ այդ եզրակացությունում կան կետեր, որոնց առկայության պայմաններումհանքի շահագործումը թույլատրելի չէ:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք միշտ դեմ են եղել հանքի շահագործմանը, պետք է հիմա վայր դնեն իրենց մանդատները, արդյոք ինքը խպատրաստ է նման քայլի, Վարազդատ Կարապետյանն արձագանքեց. «Եկեք հարցի  քաղաքական կողմին անդրադառնանք այս հանդիպումից հետո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել էր հանդիպման, որից հետո մեկնարկել է հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պտգամավորների հետ: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: