Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի  շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` նշելով, որ  հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեն եկել:

«Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, կսպասենք վերջնական, ինչպես միշտ ասել ենք՝ ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու»,- ասաց նա` նշելով, որ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման սղագրությունը մի քանի ժամից կհրապարակվի, որը կտա շատ հարցերի պատասխաններ:

Վարչապետի խոսնակը հավելեց, որ այս պահի դրությամբ նոր փորձաքննության անցկացման հիմքեր չկան:

Վլադիմիր Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ Բաղրամյան 26-ից:

Փաստաբան Գեղամ Սիմոնյանն էլ նրան դիմեց ասելով. «Պարոն խոսնակ, ժողովրդավարությունը Հայաստանում մեռավ  կեցցե թավշյա ավտորիտարիզմը, փոխանցեք վարչապետին»: