Ամուլսարի  հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քիչ առաջ միջադեպ գրանցվեց ԱԺ-ի դիմաց: Նշենք, որ ակցիայի մասնակիցները Բաղրամյան-26-ից շարժվեցին դեպի ԱԺ շենք եւ ցանկացան ներս մտնել ու ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպել, սակայն ոստիկանությունը պատ է կազմել եւ թույլ չի տալիս մարդկանց մտնել այգու տարածք:

Ոստիկաններին միացան նաեւ կարմիր բերետավորները:

Բնապահպաններից Աննա Շահնազարյանը նշեց, որ ապօրինություն է, որ մարդկանց թույլ չեն տալիս մտնել բաց, հանրային այգի. «Ուրեմն այստեղ կարելի է գորգ լվալ, բայց մարդկանց թույլ չի տրվո՞ւմ հանրային քննարկում անել: Ռեպրեսիաների շարք է սկսվել: Մարդիկ ուզում են այգի մտնել, բռնություն ու ճնշում է գործադրվում: Բարձրախոսով հայտարարվել է, որ այստեղ հանրային քննարկում ենք ուզում իրականացնել»:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն էլ նշեց, որ այգու անվտանգության ծառայությունն է որոշել, որ ներս չմտնեն, իրենք այդ որոշման հետ կապ չունեն:

Լարվածությունը ԱԺ-ի դիմաց աճեց, որոշ ցուցարարներ փորձում էին փակել փողոցը: Բաղրամյան պողոտան միակողմանի փակվել է: Կարմիր բերետավորների եւ բնապահպանների միջեւ հրմշտոց սկսվեց: Ոստիկանները սկսեցին ուժ գործադրելով դուրս բերել ակցիայի մասնակիցներին փողոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որին մանսակցել են նաեւ բնապահպաններ: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: