Բաղրամյան պողոտայում ոստիկանության աշխատակիցներն սկսեցին բերման ենթարկել բնապահպան ակտիվիստներին, որոնք ցանկանում էին փակել Բաղրամյան պողոտան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այն բանից հետո, երբ ոստիկանները թույլ չտվեցին բողոքի ակցիայի մասնակիցներին մտնել ԱԺ այգի, նրանք ցանկացան փակել պողոտան:

Ցուցարարներից ոմանք նստեցին գետնին: Ոստիկանությունը ժամանակ տվեց պողոտան ազատելու համար:

Քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ բնապահպանների միջեւ, կարմիր բերետավորները սկսեցին բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում բնապահպաններ Անի Խաչատրյանին, Գեղամ Ադյանին: Քաշքշոցի ընթացքում գետնին տապալվեց քաղակտիվիստ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ շատ անհամաչափ են ոստիկանության գործողությունները. «Դա ցույց է տալիս իրական հեղափոխության արդյունքը»:

Ցուցարարներից Անի Հակոբջանյանն էլ նշեց. «Մենք որոշել էինք խաղաղ քննարկում անցկացնել; ԱԺ այգում, բայց չգիտես ում հրահանգով որոշեցին, որ չպետք է մտնենք այգի: Մենք էլ որոշեցինք քննարկումն անցկացնել փողոցում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որին մանսակցել են նաեւ բնապահպաններ: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, որի ավարտից հետո ակցիայի մասնակիցնեն իջան ԱԺ եւ ցանկանում էին հանրային քննարկում իրականացնել խորհրդարանի այգում, սակայն նրանց դա թույլ չտվեցին:

Նշենք, որ ջերմուկցիների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն հարցով փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: