ԵՄ-ը պատրաստ է առանց գործարքի բրեքզիթին, սակայն նման սցենարի դեպքում ամենից շատ կտուժի Մեծ Բրիտանիան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Նատաշա Բերտոն:

Նրա խոսքով՝ առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը երբեք Եվրամիության համար նախընտրելի սցենար չի եղել: Նա նշել է, որ Եվրահանձնաժողովն անհրաժեշտություն չի տեսնում տվյալ փուլում չնախատեսված հանգամանքների դեպքում նախապատրաստական հավելյալ միջոցառումների համար:

«Դա, ակնհայտորեն, զգալի ցնցումների կհանգեցնի ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի համար եւ կարող է լուրջ բացասական տնտեսական հետեւանքներ ունենալ»,- նշել է Նատաշա Բերտոն՝ հավելելով, որ նման սցենարի դեպքում Մեծ Բրիտանիան կտուժի ավելի շատ, քան ԵՄ մնացած անդամ երկրները: