Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը քաղաքական հեղաշրջում է անվանել Վանի, Դիարբեքիրի եւ Մարդինի քաղաքապետերի պաշտոնանկությունը եւ ընդդիմությանը համերաշխության կոչ է արել ընդդեմ  իշխանությունների այս որոշման, նշված է կուսակցության գործադիր կոմիտեի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել էր Դիարբեքիրի, Մարդինի եւ Վանի քաղաքապետերի՝ Ադնան Սելչուկ Մըզրաքլըի, Ահմեթ Թյուրքի եւ Բեդիա Օզգյոքչե Էրթանի պաշտոնանկությունների մասին՝ նրանց մեղադրելով Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ:

«Մեր կուսակցության ներկայացուցիչները, որոնք քաղաքապետ էին ընտրվել՝ ստանալով Դիարբեքիրում ձայների 63 տոկոսը, Մարդինում 56 տոկոսը եւ Վանում 53 տոկոսը, ՆԳՆ հրամանով պարտականությունների կատարումից հեռացվել են՝ հիմնված անօրինականության ստի վրա: Ներկայումս շարունակվում է քաղխորհուրդների անդամների ձերբակալության գործողությունը: Սա նոր քաղաքական հեղաշրջում է, ակնհայտորեն թշնամական քայլ ընդդեմ քուրդ ժողովրդի քաղաքական կամքի»,- նշված է հայտարարության մեջ:

«Համերաշխության կոչով դիմում ենք բոլոր ժողովրդավարական ուժերին, խիղճ ունեցող մեր բոլոր քաղաքացիներին, խորհրդարանական կամ արտախորհրդարանական բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, քաղաքացիական հասարակության բոլոր կազմակերպություններին, միություններին եւ պրոֆեսիոնալ ասոցիացիաներին: Մեր անվիճարկելի իրավունքն է այս կառավարության դեմ պայքարում օգտագործել բոլոր օրինական եւ ժողովրդավարական մեթոդները:

Նշվում է, որ թուրքական իշխանությունների  գործողությունների դեմ համերաշխության կոչը հասցեագրված է բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք մարտի 31-ին ՏԻՄ ընտրություններում քվեարկել են իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությունների դաշինքի դեմ: