Հայաստանում իշխանության կրողը ժողովուրդն է եւ քանի դեռ ժողովուրդն ասում է՝ ոչ, Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք ասում ենք ժողովրդի իշխանություն, հետեւաբար ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնվի: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այսօր իշխանությունը նաեւ ասում է, որ ունենք մեկ իշխանություն, դա ժողովուրդն է, եւ պետք է հաշվի նստել ժողովրդի դիրքորոշման հետ»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Քաղաքացիներից մեկն ընդհատեց Նաիրա Զոհրաբյանին՝ նշելով, որ հիմա այստեղ խոսելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ, որ նախկին իշխանությունների ժամանակ ժողովրդի կարծիքը հաշվի առնեին եւ թույլ չտային, որ հանքի շահագործման գործընթաց սկսեն. «Հիմա եկել ցույց եք տալիս, թե իբր ժողովրդի կողքին եք, էն ժամանակ թույլ չտայիք: Հիմա ժողովուրդն իր կարծիքն ասում է եւ դուք այստեղ տեղ չունեք, գնացեք: Դուք եք թույլ տվել, որ այդ հանքը սկսի շահագործվել, նախկին հանցավոր իշխանության մաս կազմելով»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են եւ այգին պետք է բաց մնա. «Բա որ ժամանակին այգին բացում էինք, ասում էիք՝ այգին ձերն է, բա ո՞նց եղավ, որ այս պահին այգին իրենցը չի»: Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 2-ին, ցուցարարները պաշարել էին ԱԺ շենքը. «Մի քանի տասնյակ մարդ մագլցում էին պատուհաններով՝ հաշվեհարդար տեսնելու պատգամավորների հետ օրենքի նախագծի համար: Հիմա ինձ ասացին, որ փետրվարին եղել է ՀՀ նախագահի որոշումը, որ նման ֆորսմաժորային իրավիճակներում այգի մուտք գործելու իրավունք չկա»: