Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող բնապահպաններն ու քաղակտիվիստները այս պահին հանրային քննարկում են կազմակերպել Սարյան արձանի մոտ: Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ հանրային քննարկումը կկազմակերպվի ԱԺ այգում, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ այգու տարածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:

Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ: