Եթե կա գոնե 0,1 տոկոս կասկած, որ Ամուլսարի հանքի շահագործումից կտուժի Ջերմուկը, Սեւանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ինչպիսի՞ն հանքի հետագա շահագործման վերաբերյալ իշխանությունների տրամադրվածությունը, Սիմոնյանը պատասխանեց.

«Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն. իրավիճակ, երբ հետազոտությունն ասում է մի բան եւ կան բնապահպաններ, որոնք մեկ այլ բան են ասում։ Թե նախընրական փուլում եւ թե դրանից հետո ասվել է, որ եթե կլինի գոնե 0,1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սեւանա լիճը, ապա այդ հանքը չի շահագործվի»։

Պատգամավորը հայտնեց, որ Ամուլսարի հարցով իրականացված փորձաքննության եզրակացությունն ընդունվել է ի գիտություն եւ այդ կապակցությամբ կառավարությունը կկայացնի իր որոշումը։

Անդրադառնալով Ամուլսարի հարցով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպկանը, պատգամավորն ասաց.

«Եղել է գիտական, իրավական բանավեճ, քննարկում, հնչել են կողմ եւ դեմ կարծիքներ, ընթացքում կարմիր գծով անցել է հետեւյալը, եթե Հայաստանի համար, Սեւանի ավազանին 0,1 տոկոս վնաս կա, անկախ նրանից որ միջազգային կազմակերպությանը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա կամ չի գա, հանքը չի շահագործվի, սակայն եթե կլինի իրավիճակ, որ կտեսնենք հանքին վնաս չէ, ապա՝ հանքը կշահագործվի»։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի: