Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որը շրջանառության մեջ է դրել Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործը, այսինքն քրեական գործի հարուցման պատճառն է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված քրեական գործին։

«Այս քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա, այսինքն այս հարցի հետ կապված վարչապետից շահագրգիռ անձ հայաստանյան քաղաքական դաշտում չեմ կարծում գոյություն ունի»,–ասաց նա։

Հարցին, արդյոք վստահում է Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքներին, Սիմոնյանը պատասխանեց.

«Մրցույթում հաղթել է ոչ թե ամենաէժան փորձանքնություն անող կազմակերպությունը, այլ ամենախորը, ամենալավ հետազոտություն անողը, այդ փորձաքննությունն իրենից 35.000 փաստաթուղթ է ենթադրում և կարդալ դրանից 4-5 նախադասությունը և եզրակացություն անել, ճիշտ չէ»,–ասաց նա՝ հավելելով, որ ըստ մասնագետների՝ հանքի շահագործումը մնաս չի սպառնում։

Հարցին, արդյոք իշխանությունը մտահոգություն չունի, որ իր թիմում Ամուլսարի հետ կապված հարցը կարող է պառակտումների տեղիք տալ, Սիմոնյանը պատասխանեց.

«Դուք միշտ մեղադրել եք իշխանություններին, որ կնոպա սեղմող են. հիմա կա  մի իշխանություն, որն իր մեջ բանավեճ է ունենում, այն էլ՝ հրապարակային, արդյոք սա չէ այն, ինչին ձգտել ենք»։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի: