«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

«Ուրախ եմ ձեզ տեսնելու համար»,– դիմելով լրագրողներին ասաց վարչապետն ու հեռացավ։

Ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Ամուլսարի հանքավայրի փորձաքննության  եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգա հայտարարությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի: Փորձաքննության արդյունքները սակայն չեն գոհացրել բնապահպաններին. նրանք արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում Ջերմուկում և Երևանում։