Վարչապետի հայտարարությունից հետո հնարավոր կլինի որոշել, թե որոնք են լինելու մեր քայլերը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, Սարյանի պուրակում հանրային քննարկման ժամանակ նշեց բնապահպան Աննա Շահնազարյանը՝ հավելելով, իրենց պայքարը ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, ժողովրդի իրավունքների պաշտպանության մղումներով է առաջնորդվում:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանն էլ նշեց. «Մենք անցնելու ենք ակտիվ պայքարի, անելու ենք քայլերթեր, ցույցեր: Շատ դժվար է հեղափոխական կառավարությանն ակտիվ պայքարի միջոցով բան հասկացնել, երբ երկրում կան ուժեր, որոնք չեն ուզում մեր կառավարության լավը: Մենք վերջին 1,5 տարում ամեն ինչ արել ենք, որ զերծ մնանք այդ ֆորմատի պայքարից: Բայց այսօր այդ գիծը գծվեց»,-ասաց նա:

Աննա Շահնազարյանն էլ նկատեց, որ իրենք հասել են մի եզրագծի, երբ տեսնելու են՝ Նիկոլ Փաշինյան վարչապետը անցնելու է ռուբիկոնը, թե ոչ: Նրա խոսքով, իրենց հետագա քայլերը պայմանավորված են լինելու նաեւ նրանով, թե այսօպր երեկոյան ինչ հայտարարությամբ հանդես կգա իկոլ Փաշինյանը: Այդուհանդերձ, որոշվեց, որ վաղը ժամը 19-ին կրկին կհավաքվեն՝ քննարկելու իրենց անելիքները: