ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործման հակառակորդներին հիշեցրել է դեռեւս 2018թ. հունիսի 25-ին Ամուլսարի հանքի մշակման խնդրի մասին հնչեցրած իր դիրքորոշումը:

Հենց այդ հայտարարության մեջբերմամբ է վարչապետը սկսել Ամուլսարի խնդրին նվիրված հանդիպումը: Փաշինյանը հիշեցրել է, որ մեկ տարվա վաղեմության հայտարարության մեջ կոչ է արել դադարեցնել քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ու կառավարությանը թույլ տալ զբաղվել այդ հարցով:

«Ցանկանում եմ հասկանալ քաղաքացիական անհնազանդության ակցիաների պատճառը, քանի որ նպատակը կարող է երկակի հասկացվածության առիթ հանդիսանալ, եւ այժմ մենք փորձում ենք հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում, որ նպատակն է ճիշտ: Ես կոչ եմ անում դադարեցնել ակցիաներն ու կառավարությանը հնարավորություն տալ պարզել փաստերն ու փաստերի հիման վրա լուծել խնդիրը: Բոլոր լուծումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա: Չի կարելի որոշում ընդունել, որում մենք 100%-ով վստահ չենք: Հուսով եմ՝ բոլորն են հասկանում, որ կառավարությունը կոռուպցիոն կամ այլ կապեր չունի ո՛չ Ամուլսարի, ո՛չ էլ այլ հանքի հետ: Չկա մի սուբյեկտ, որի հետ մենք ինչ-որ կերպ կապ ունենանք: Սակայն ամեն դեպքում մեր գործողությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, եւ մենք խնդրում ենք մեզ նման հնարավորություն տալ: Խնդրում եմ չասել մեզ, թե պետք է այսպես կամ այնպես լինի: Մենք օբյեկտիվ  փաստեր կորոնենք, եւ մեր որոշումը հիմնված կլինի փաստերի վրա՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն այդ փաստերը: Բոլորին հրավիրում ենք երկխոսության»,- հիշեցրել է վարչապետը՝ նշելով, որ մեկ տարի առաջ նաև կոչ է արել հավաքագրել փաստերը: «Քանի որ իրականությունն ու նպատակը կարող են այլ լինել, քան մենք պատկերացնում ենք: Այդպիսին է մեր դիրքորոշումը»,- հիշեցրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի մշակման հակառակորդները նշում են փորձաքննության անհիմն լինելը, ինչը կարող է հիմք դառնալ հանքի մշակման համար: Փորձաքննությունն անցկացվել է «Լիդիան» ընկերության ներկայացրած տվյալների հիման վրա, սակայն նույնիսկ վերջինս է նշում հանքի շահագործման հետ կապված բոլոր ռիսկերը հաշվարկելու անհնարինությունը: