Խանութների եւ սուպերմարկետների ցանցի միջոցով ավանդական (օֆլայն) վաճառքի ոլորտում գործող առեւտրային ընկերությունները կարող են նոր մասնագիտացված օպերացիոն համակարգ կիրառել: Այն մշակվել է չինական Alibaba ընկերության կողմից A100 Strategic Partnership ծրագրի շրջանակում, գրում է Planet Today-ը: 

Բաց ելակետային կոդով հարթակը ստեղծվել է ընկերության կողմից Ele.me (սննդի պատվիրման ծառայություն) եւ Koubei (Onilne-to-Offline առեւտուր) դուստր ծառայությունների հետ համատեղ: Օպերացիոն համակարգը ռիթեյլերներին թույլ կտա օպտիմալացնել աշխատանքը 11 տարբեր ոլորտներում, այդ թվում՝ լոգիստիկա, մարքեթինգ, մատակարարումների ալիքներ, հաճախորդների սպասարկում, ապրանքների մնացորդների կառավարում, վճարումների ընդունում:

Չինաստանի առաջին առեւտրային ընկերություններն այս տարվա հուլիսից հասանելիություն են ստացել այդ համակարգին, որի անվանումը դեռեւս հայտնի չէ: Առաջին ամսվա տվյալներով՝ նոր համակարգը կիրառվել է Չինաստանի 676 քաղաներում 10 հազար սուպերմարկետներում եւ 200 հազար ոչ մեծ խանութներում: