Կրասնոդարում քրեական գործ են հարուցել 35-ամյա «օրենքով գող» Դավիթ Ջանգիձեի (Դաթո Կրասնոդարսկի) նկատմամբ, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Ջանգիձեն մեղադրվում է ՌԴ ՔՕ 210.1 հոդվածով («Հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու մասին»): Հոդվածով նախատեսվում է մինչեւ 15 տարվա ազատազրկում եւ տուգանք մինչեւ 5 մլն ռուբլու չափով: Դատարանի որոշմամբ նրան ձերբակալել են օգոստոսի 19-ին, մոտ ժամանակներս նրան մեղադրանք կառաջադրվի:

ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությունը պարբերականի հետ զրույցում հաստատել է տեղի «օրենքով գողերից» մեկի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստը, սակայն ազգանունը հրաժարվել է նշել:

«Քննության տվյալներով՝ 2013թ. հունիսից Կրասնոդարի 35-ամյա բնակիչը հանցավոր շրջապատում բարձր դիրք է զբաղեցրել: Անձինք, որոնք ավելի ցածր քրեական կարգավիճակ են ունեցել, ենթարկվել են նրա հրամաններին: Ինքը՝ ձերբակալվածը, քրեական գաղափարախոսության աջակից է»,- պատմել է վարչոթյան պաշտոնական ներկայացուցիչ Էլլա Տյուկովան:

Նրա խոսքով՝ կասկածյալը տարածել եւ պահպանել է հանցավոր ավանդույթներն ու տվյալ շրջապատի սովորույթները: Հանցավոր շրջապատում նա ունեցել է անվերապահ հեղինակություն ու շահադիտական նկատառումներից իր ազդեցությունը տարածել Կրասնոդարի երկրամասում:

Դավիթ Ջանգիձեն, օպերատիվ տվյալներով, 2009 թվականից Կրասնոդարի երկրամասի «նայող» է նշանակվել, ապա «թագադրվել» 2013թ. Հռոմում վրացի «օրենքով գողերի» «սխոդկայի» ժամանակ: Կարգավիճակ է ստացել Ռուսաստանի տարածքում եւս 5 «նայող», այդ թվում՝ Բոնդո Ստուրուա (Բոնդո Ղազախստանսկի), Գեորգի Տորանձո (Գոգա Քութայիսսկի), Ռաժդեն Շուլայա (Ռաժդեն Պիտերսկի), Իլյա Գագլոեւ (Իլո Կալինինգրադսկի) եւ Արտյոմ Սարգսյան (Արտյոմ Սարատովսկի): Ջանգիձեն նրանցից ամենաերիտասարդն էր, այդ ժամանակ նա 29 տարեկան էր: