Եվրասիական տնտեսական միությունում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը պետական գնումների իրականացման դեպքում պատրաստ կլինի մինչեւ 2020թ. հուլիսի 1-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ փաստաթուղթը թույլ կտա ԵԱՏՄ պետությունների բիզնեսի համար հավասար պայմաններ ապահովել պետական գնումների ոլորտում ազգային ռեժիմի իրականացման դեպքում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը նախագծի իրականացման համար դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրանքով փոփոխություններ մտցնել օրենսդրությունում, որոնք նախատեսում են Եվրասիական Զարգացման բանկի եւ Միջպետական բանկի բանկային երաշխիքների օգտագործում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կարծում են, որ դա թույլ կտա «կանխել միութենական պետությունների ձեռնարկատերերի իրավունքների սահմանափակումը, որոնք ցանկանում են մասնակցել Ռուսաստանում անցկացվող գնումներին»:

Այդպիսով, ԵԱՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է միության երկրների օրենսդրությունում պետական գնումների մասնակցության համար հայտերի ապահովման առնվազն 2 միջոցի առկայություն, որոնցից մեկը բանկային երաշխիքն է:

ՌԴ օրենսդրության համաձայն՝ բանկերը, որոնք  պետական գնումների նպատակով բանկային երաշխիքների իրավունք են տրամադրում, պետք է ներառվեն հատուկ ցուցակում, որը կազմել է ՌԴ ֆիննախը եւ ունենան համապատասխան վարկանիշ՝ տրված վարկանիշային գործակալությունների կողմից: