Փորձում էինք Բաղրամյան պողոտան փակել, կարմիր բերետավորները մեզ հետ շպրտեցին, այդ ընթացքում բերետավորներից մեկը ոտքով հարվածեց ոտքիս, հետո արմունկով դեմքիս հարվածեց, աչքիս տակ կարմրել էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց 19–ամյա ակտիվիստ Գեղամ Ադյանը։

Նա պատմեց, որ փորձել է կրկին ճանապարհը փակել, ինչից հետո բերման են ենթարկել։

«Երկու հոգով չէին կարողանում տանել դեպի մեքենան, մոտեցան եւս երկու բերետավոր եւ ոտքերիցս էլ բռնելով, հարվածելով՝ տարան դեպի մեքենան եւ կարելի է ասել՝ շպրտեցին մեքենայի մեջ»,– ասաց Գեղամ Ադյանը։

Արդեն Ոստիկանության Արաբկիրի բաժնում նրա ինքազգացողությունը վատացել է, սակայն ըստ ակտիվիստի՝ ոստիկանները տեւական ժամանակ օգնություն չեն ցուցաբերել։

«Ես սկսեցի ինձ վատ զգալ, ակտիվիստներից Անի Խաչատրյանը ջուր խնդրեց ոստիկաններից, սակայն նրանք մերժեցին, ասացին՝ չկա։ Հետո որոշ ժամանակ անց տեսան, որ իրոք լավ չեմ, ջուր տվեցին եւ շտապ օգնության մեքենա կանչեցին եւ տեղափոխեցին հիվանդանոց»,– պատմեց Գեղամը։

Հիվանդանոցում նրան այցելել են ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները. «Իրենք կապվել էին ոստիկանության հետ եւ եկան նաեւ Արաբկիրի ոստիկանությունից։ Քննիչն ինձ ասաց, որ դու ասել ես, որ քեզ խփել են, ասացի՝ այո ու պատրաստ եմ հաղորդում տալ հանցագործության մասին եւ ցուցմունք տվեցի»։

Գեղամ Ադյանի խոսքով՝ պետք է դատաբժշկական փորձաքննություն անցկացվի. «Հիվանդանոցում ասացին՝ սրտի առիթմիա ու նեվրոզային ցնցումներ են մոտս։ 2–3 ժամ մնացի հիվանդանոցում եւ դուրս գրվեցի, բայց վաղը պետք է դատաբժշկական փորձաքննության գնամ»։

Անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ ակտիվիստն ասաց. «Եթե պատասխանը լինի այնպիսին, որ հանքն ամեն դեպքում պետք է շահագործվի, պատրաստ եմ կրկին փողոց դուրս գալ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:

Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել 6 ցուցարարների, այդ թվում բնապահպան Անի Խաչատրյանին, Գեղամ Ադյանին։ Քաշքշոցի ընթացքում գետնին է տապալվել քաղակտիվիստ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: