Օգոստոսի 19-ին, ժամը 3-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Լուկաշինի փողոցի տներից մեկում իրեն ծեծում են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները նշված վայրում պարզեցին, որ 4 քաղաքացու միջեւ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Երեւանի 36-ամյա մի բնակիչ ձեռքերով հարվածներ է հասցրել մի կնոջ:

Դեպքի վայրից երկու քաղաքացի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ ընթացքում նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել են հայհոյանքներ եւ կոպիտ կերպ խախտել հասարակական կարգը:

Ոստիկանության բաժնում բերման ենթարկվածներից մեկը շարունակել է հակաօրինական վարքագիծ դրսեւորել, հարվածել է աշխատասենյակի պատուհանին, կոտրել այն եւ վնասել ձեռքը:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: