Ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը կտակը ստորագրել է բանտում իր ինքնասպանությունից ընդամենը 2 օր առաջ, հայտնում է The Guardian-ը: 

Պարբերականը նշում է, որ այսպիսով մեծանում է մուլտիմիլիոնատիրոջ կարողության համար երկարատեւ պայքարի հավանականությունը:

Անցյալ շաբաթ ներկայացված դատական փաստաթղթերում չի հրապարակվել ժառանգորդների մասին որեւէ մանրամասն, սակայն նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 577 մլն դոլար, ներառյալ 56 մլն դոլարից ավելի կանխիկով:

Էփշթեյնը կտակը ստորագրել է օգոստոսի 8-ին, իսկ ոչ պակաս 48 ժամ հետո նա բանտախցում մահացած է հայտնաբերվել:

Կտակի առկայության մասին հայտնած առաջին լրատվամիջոցն է New York Post պարբերականը, որն այս փաստի հետ մեկտեղ հարցեր է հնչեցրել բանտում Էփշթեյնի կյանքի վերջին օրերի մասին, որտեղ նա սպասում էր անչափահասների սեքսուալ վաճառքի եւ հանցավոր համաձայնության գործով դատավարությանը:

Դատախազները երկուշաբթի փակել են Էփշթեյնի դեմ մեղադրական ակտը, սակայն հայտարարել են, որ դիտարկում են այլ մեղադրանքների առաջադրման հնարավորությունը տասնյակ աղջիկների անարգմանը օժանդակելու համար:

Օգոստոսի 11-ին Էփշթեյնին մահացած են գտել Նյու Յորքի  դաշնային բանտում: Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է մուլտիմիլիոնատիրոջ ինքնասպանության վարկածը: