Ամուլսարի հանքավայրի հարցը աշխարհաքաղաքական աստառ ունի, քանի որ այնտեղ հայտնաբերվել են ուրանի բավականին լուրջ հանքաշերտեր: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  «Միասնական առողջություն» հասարակական շարժման կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի կառավարությունն ուղղակի ստիպված էր զիջումների գնալ հանքավայրի հետագա շահագործման հարցում, քանի որ նրա վրա գործադրվել է ԱՄՆ դեսպանության կողմից լուրջ ճնշում: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի կարող Ամուլսարի հանքավայրը չշահագործել: Նրան կանգնեցրել են բարդ ընտրության առջեւ եւ բավականին դիվանագիտորեն ակնարկել են, որ եթե Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը դադարեցվի, ապա կդադարեն ԱՄՆ-ից երկիր ներդրումներ ստացվել»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Նա նշեց, որ որոշակի շրջանակների կողմից Փաշինյանին ներկայացվել են հստակ եւ կոնկրետ խնդիրներ, որոնք նա չի հաղթահարել, եւ հիմա նրա համար հնարավորություն էր ընձեռվել արդարացնելու իր վրա դրված վստահությունը:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիական կոալիցիայի ղեկավարն ընդգծեց, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի հետագա շահագործման հետ կապված բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջանալ:

Իր հերթին, Հայաստանի բնապահպանական ճակատի անդամ Սիլվա Ադամյանը բացատրեց, թե ինչպես կարող է  Ամուլսարի շահագործումը ազդել բնակիչների եւ շրջակա միջավայրի առողջության վրա, ինչպես նաեւ իր մտահոգությունը հայտնեց այս հարցի կապակցությամբ:

Նա հիշեցրեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը սկսվել է նախորդ իշխանությունների օրոք ՝ այդ ժամանակվա օրենսդրության խախտմամբ: Բանն այն է, որ ցանկացած հանքավայրի մշակումն ու շահագործումը օրենսդրական մակարդակով արգելված էր, եթե ենթադրյալ  տարածքում, որտեղ պետք է իրականացվեին աշխատանքները բնակվում էին Կարմիր գրքում գրանցված կենդանիների հազվագյուտ տեսակներ: Այս կետը, ինչպես նշեց Ադամյանը, վերաբերում էր նաեւ բույսերի հազվագյուտ տեսակներին: